Բավ է պառակտվել
15-06-2017 16:23

Ղարաբաղյան հարցում փոխզիջումն անհրաժշտ է, բայց ո՛չ ի վնաս այնտեղ բնակվողների. Զախարովա

Ղարաբաղյան հարցում փոխզիջումն անհրաժշտ է, բայց ո՛չ ի վնաս Լեռնային Ղարաբաղում բնակվողների, հինգշաբթի օրը կայացած բրիֆինգի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի հետագա պահպանումն անընդունելի է և այդ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձևերի շրջանակներում:
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ( Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները՝ խմբ.) այդ հարցի լուծման շուրջ իրենց հայացքներն ունեն։ Գոյություն ունի այս իսկապես հին խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում »,- ասել է Զախարովան։
Նրա խոսքերով, փոխզիջման որոնումը, դա կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքան հակադիր դրանք կարող են լինել:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ անլուծելի թվացող հարցերի հանգուցալուծումը գտնելը, հենց դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկա է։
Նա ընդգծել է, որ իրավիճակը լուծում և առաջխաղացում է պահանջում, հենց այդ պատճառով, մանավանդ վերջին ժամանակաշրջանում ինտենսիվացել են տարբեր ձևաչափերում ընթացող շփումները:
«Ռուսաստանն իբրև համապատասխան ձևաչափի մասնակից, իր կողմից առավելագույնս անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի։ Ցանկալի է, որ այն գտնվի, ընդ որում, որքան շուտ՝ այդքան լավ, սակայն, առանց վնասելու երկու երկրների ժողովուրդներին և իհարկե, հենց Լեռնային Ղարաբաղում բնակվողներին »,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: