02-03-2017 11:16

ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել մինչև տարեվերջ որևէ երկրի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը

Չորեքշաբթի օրը Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել պետություններից մեկի կողմից:
«Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք մի երկիր, որը կճանաչի Արցախի հանրապետությունը, բայց միջազգային ճանաչման համար դա դեռ բավական չէ»,- ասել է Նալբանդյանը:
ԱԳՆ ղեկավարի խոսքերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունները ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ղարաբաղի ինքնորոշմանը՝ նրա ճանաչման կոնտեքստում:
«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղի է մտցրել և փորձում է ուժով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր զինված ուժերի չեզոքացվում են և՛ այդ մտադրությունները, և՛ մեծ պատրանքները»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Ղարաբաղի մայրքաղաքում Նալբանդյանը մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների խորհրդակցությանը:
Չորեքշաբթի օրը խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու տարածաշրջանային գործընթացները:
Երկրի ղեկավարը հաճույքով նկատել է, որ նման այցելությունները ավանդական են դարձել և կրում են պարբերական բնույթ, և ընդգծել է դրանց կարևորությունը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ի և ԼՂՀ-ի փոխգործակցության խորացման հարցում :
Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարության մի խումբ դիվանագետների պարգևատրել է Արցախի պետական պարգևներով՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար: