Բավ է պառակտվել
23-11-2016 16:17

Եթե պատերազմի փորձ լինի, ապա արդյունքը Ադրբեջանի համար կլինի շատ ծանր․ՀՀ ԱԳՆ

Տարիների ընթացքում բանակցային գործընթացը դոփում է իր տեղում մի շատ պարզ պատճառով, քանի որ ադրբեջանական կողմն օգտագործում է ամբողջ բանակցային գործընթացն ընդամենը որպես քող, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե նոր պատերազմ է սկսելու:

«Իրականում Ադրբեջանը լրիվ այլ քաղաքականություն է վարում, տարածում է իր քարոզչությունը, որը կառուցված է ամբողջ հակամարտության էությունը աղավաղելու վրա՝ ներկայացնելով, որ այստեղ ինքնորոշման խնդիր չկա, այլ տարածքային վեճ է, որպեսզի պարարտ հող ստեղծի խնդիրը ռազմական ճանապարհով լուծման համար»,- ասաց նա՝ նշելով, որ Ալիևի պատկերացմամբ՝ այն ընթացքում, երբ ինքը հարստացնում է իր ռազմական ներուժը, հայկական պետությունները թուլանում են, մարդիկ առաջին իսկ հարվածից պատրաստ են փախչելու:

ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ ապրիլը ցույց տվեց՝ Ադրբեջանի պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում: «Ապրիլը ցույց տվեց, որ իրենց բլիցկրիգը, որը նախատեսել էին, չիրականացավ: Այլ բան, որ այստեղ մենք էլ ենք ունեցել թերություններ և կատարվում են քայլեր դրանք շտկելու ուղղությամբ: Բայց եթե նմանատիպ փորձ լինի, ապա ես համոզված եմ, որ արդյունքը կլինի շատ ավելի ծանր Ադրբեջանի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով խնդրին, որ սահմանում եղած լարվածության և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան միջնորդները հասցեագրված չեն խոսում, Շավարշ Քոչարյանը նշեց․«Այստեղ է պետք հետաքննության մեխանիզմների ներդրումը․տեղի է ունեցել միջադեպ, պետք է հետաքննվի և արդեն մատնանշվի կոնկրետ պատասխանատուն: Այն հանգամանքը, որ այդ հարցը Ադրբեջանն է տորպեդահարում, արդեն հուշում է, թե ով է դա անում»:

Փոխարտգործնախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբողջ ժամանակահատվածում միջնորդները երբեք կողմերից ոչ մեկին չեն դատապարտել, քանի որ նրանց առաքելությունն է այնպես անել, որ կողմերը գան համաձայնության և կանխեն պատերազմի վերսկսումը:

Խոսելով բանակցային գործընթացի վերսկսման մասին՝ նա նշեց, որ դա հնարավոր կլինի, եթե նվազագույնը Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ հրադադարի մինչ այսօր բանակցային սեղանին եղած փաստաթղթերից միայն մեկն է՝ Մադրիդյանը, որը երեք կողմերից երկուսն ընդունել են: «Արցախը չի ընդունել որպես հիմք բանակցությունների համար: Որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի: Մնացածը, ինչը որ եղել է, այս կամ այն փուլում փաստաթղթի ձևափոխումներն են եղել, որոնք այդպես էլ չեն հասել նրան, որ կողմերը դրանց տան իրենց համաձայնությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Կազանյան փաստաթուղթն էլ Մարդրիդյանի՝ ձևափոխված տարբերակն է:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե բանակցային գործընթացում նվազագույն փոխզիջումը կարող է լինել ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մարզի կարգավիճակ տալը, Շավարշ Քոչարյանը նշեց․ «Ալիևը կտրված է միջազգային իրավունքից, կարգավիճակը որոշում է ինքը ժողովուրդը․ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, հստակ մատնանշում են, որ ցանկացած ժողովուրդ, անկախ արտաքին միջամտություններից, ինքնուրույն է որոշելու իր կարգավիճակը հանրաքվեի միջոցով»: