Բավ է պառակտվել
12-10-2016 14:17

ԼՂ հարցի հետ կապված ՀԱՊԿ գործողությունները բավարար են. Սեմերիկով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ: Այս մասին Երևանում ընթացող կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ նշելով, որ դա սակայն ամենևին չի նշանակում, որ ԼՂ հարցը ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում:

«Պատճառն այն է, որ ստեղծված է հատուկ խումբ՝ Մինսկի խմբի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: Ես հիշում եմ, որ ժամանակին մեզ հանդիմանում էին, որ ՀԱՊԿ-ը չի քննարկում այդ հարցը, բայց այդպես չէ: Մի շարք քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը հնչել է: Այս հարցը բարձրացվել է, քննարկվել է ամենաբարձր մակարդակով»,- նշեց Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հավաստիացրեց, որ իրենք չեն բավարարվում միայն հարցի քննարկմամբ. «Այնպես չէ, որ քննարկեցինք ու վերջ: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել ԼՂ հետ կապված: Ու ես կարծում եմ, որ սա բավարար է: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողություններին, ես հորդորում եմ բոլորին կարդալ կանոնադրության 4-րդ կետը, ըստ որի՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է»:

Վալերի Սեմերիկովը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԼՂ հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է: