Բավ է պառակտվել
20-12-2016 16:01

Բաքուն դժկամություն է դրսևորում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Պատգամավոր

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Բաքուն ամեն կերպ դժկամություն է դրսևորում՝ խոչընդոտելով բանակցային գործընթացին. Այս մասին նշում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:


« Վերջերս շատ է խոսվում փոխադարձ զիջումների, կոմպրոմիսների և տարածքները վերադարձնելու մասին: Սակայն, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Իրականում, մեր հարևանը չի ձգտում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- այս մասին Ա. Զաքարյանը ասել է երեքշաբթի օրը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Զաքարյանի կարծիքով խաղաղ կարգավորման բանալին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է, սակայն , ըստ նրա, Ադրբեջանը պատրաստ չէ այդ քայլին գնալ:
« Ըստ էության, այսօր բանակցային գործընթաց չկա: Կա որոշակի բանակցային ձևաչափ, և կան բանակցություններ, որոնք որոշակի փուլում դադարեցվել են»,- նշել է պատգամավորը, և հավելել, որ կողմերի միջև բացակայում է փոխվստահության մթնոլորտը:
«Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կկատարի բանակցային գործընթացի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հատկապես հաշվի առնելով այն, որ կրակի դադարեցման ռեժիմը մշտապես խախտվում է»,- նշել է պատգամավորը և հայտարարել, որ Հայաստանը պետք է ձգտի խնդրի խաղաղ լուծմանը, բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկիրը պետք է մեծացնի իր ռազմական պոտենցյալը՝ անվտանգության ապահովման և ուժերի հավասարակշռության պահպանման համար:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: