28-02-2017 19:34

Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային հրթիռ է արձակել. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանը շարունակում է կանխամտածված կերպով լարել իրավիճակը ղարաբաղյան ուժերի հետ շփման գծում. Այդ մասին հայտնում է Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ:


Հրաձգության արդյունքում պաշտպանական բանակը կորուստներ չի կրել:
Ողջ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 25-ին Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր շաբաթ գիշերը ականազերծող տեխնիկայի կիրառմամբ ղարաբաղյան դիրքերի դեմ ադրբեջանական զինուժի ձեռնարկած երկու հարձակումների մասին: Հաղորդագրության համաձայն, պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Իսկ ադրբեջանական զինուժի մի քանի զինվորականների դիակներ մնացել են չեզոք գոտում: Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: