Բավ է պառակտվել
23-10-2017 12:11

Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի դեմ կիրառել է հրետանի. Արցախյան կողմն անհամաչափ պատասխան է խոստանում

 

Նախօրեին՝ հոկտեմբերի 22-ին, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի զինված ուժերը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ.այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական դիրքերի վրա արձակվել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
«Կատարվածը վկայում է այն մասին, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
«Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ»,- ընդգծված է հայտարարության մեջ: