Բավ է պառակտվել
05-07-2017 15:04

Արցախը պատասխանել է Ադրբեջնի հարձակմանը (Տեսանյութ)

Արցախի պաշտպանության նախարարությունը հատվածներ է հրապարակել հակառակորդի կողմից «TR-107» համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից:

 


«Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցություններից պարզ է դառնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայել է բնակելի վայրում՝ իբրև վահան օգտագործելով խաղաղ բնակչությանը:
Նախօրեին, 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը «ՏՌ-107» տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

 
Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը: