21-11-2016 16:51

Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը գնալով լուրջ խնդիր է դառնում. Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է գնում, իսկ Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու սարքեր Իսրայելից և բանակցում է Պակիստանից բարձր տեխնոլոգիական զենքի գնման շուրջ:
Այդ ամենը տեղի է ունենում ապրիլյան վերջին սրացումից ամիսներ անց:
Ըստ բրիտանական փորձագետների, սպառազինության մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով սաստկանում է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է մրցավազքը գնալով ավելի լրջանում: Իսկ դա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունն աճում է»,-ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիևը:
Ադրբեջանն ու Հայաստանը վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա, որտեղ առաջատարն Ադրբեջանն է, որը փաստորեն իր նավթային եկամուտները վերածում է ռազմական գործոնի: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում:
Փորձագետները հիշատակում են Ադրբեջանի կողմից «կամիկաձեների» օգտագործումն ապրիլին Ղարաբաղում: Իսկ սեպտեմբերին արդեն Բաքուն հայտարարեց, որ մտադիր է սեփական «կամիկաձե» անօդաչուներն արտադրել Իսրայելի տեխնոլոգիայով:
Այդ հայտարարությունները հնչել են գրեթե զուգահեռ Հայաստանում «Իսկանդերների» ցուցադրմանը Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ: Հայկական կողմի մոտ «Իսկանդերների» հայտնվելուն Բաքուն պատասխանեց զորավարժություններով C-300 զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ: Երկու կողմերը վիճաբանում են ուժերի բալանսի փոփոխման շուրջ: Հայ փորձագետները պնդում են, որ «Իսկանդերների» գնումը փոխել է ուժերի հարաբերակցությունը, քանի որ «այդ հրթիռային համակարգը կարող է կարևորագույն օբյեկտներ խոցել Բաքվում և ամբողջ Ադրբեջանում»: Բաքվում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ Հայաստանի ժխտում են:
Ամեն դեպքում սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած սրացում էլ ավելի լուրջ է դարձնում:
Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: