Բավ է պառակտվել
18-03-2017 15:17

Ադրբեջանի գոյությունն իբրև սուվերեն պետություն՝ պատմական ցավալի սխալ է. Անտոն Նոսիկ

Հանրահայտ բլոգեր Անտոն Նոսիկը «Livejournal»-ի իր էջում պատմել է Արցախ կատարելիք իր այցի մասին՝ Ադրբեջանական պետության գոյությունն անվանելով պատմական ցավալի սխալ:
« Առավոտյան մեկնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նույն հին հայկական Արցախը: Կարծիք կա, որ յուրաքանչյուր ոք, ով լինում է այդտեղ՝ խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի հուզում, քանի որ իբրև ինքնավար պետական միավորի՝ Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ պատմական ցավալի սխալ և թյուրիմածություն»,- ընդգծել է Նոսիկը:
« Ինչպես որ նման երկիր գոյություն չուներ մինչև 1918թ., այդպես էլ աշխարհի քարտեզը կարող էր շատ լավ առանց դրա մնալ նաև հետագա ժամանակաշրջաններում: Ցավալի է, որ այդ երջանիկ հնարավորությունը բաց է թողնվել»,- ավելացրել է նա:
Նրա խոսքերով ներկայիս գորշ, ավազակապետական ընտանեկան դիկտատուրան, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ, ոչնչով չի արժանացել այն բանին, որ հաշվի առնեն «ճիշտ» սահմանների վերաբերյալ նրա կարծիքը:
Նոսիկը գտնում է, որ աշխարհի քարտեզների վրա այս պետության շարունակվող գոյության պատճառը եղել և մնում են ածխաջրածինները. «Նավթն ու գազը կազմում են ադրբեջանական արտահանման 88,2%-ը: Ե՛վ Մինսկից Լապշինի էքստրադիցիան, և՛ հունգարական բանտից ոճրագործ Սաֆարովի հաղթական ազատումը գործարքներ են, որոնք վճարվել են նավթադոլարներով: Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ դյուրին փողերը վերջանան: Կապրենք՝ կտեսնենք: Երկար չենք սպասի»,- ասել է Նոսիկը:
« Այժմ հետաքրքիր հարցն այլ է. Ի՞նչ խորհուրդ կտայիք, որ մոտակա երկու օրը Արցախում անպայման դիտեմ: Եվ ի՞նչ կետերից արժե համալրել իմ գեղատեսիլ համայնապատկերների հավաքածուն»,- գրել է նա իր բլոգում: