Բավ է պառակտվել
31-07-2014 12:59

ՄՀՀ-ն նման խայտառակ իրավիճիկաի բերելու համար միակ մեղավորը Տ. Սարգսյանն է.Կ. Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի կողմից Մարզահամերգային համալիրի աշխատակիցների վտարմանը, համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց. «Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն: Իսկ մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում ասում են արդեն մտել և արդեն վտարում են. Այսպես չեն անում»:
Մեղադրելով նախկին վարչապետին նման խայտառակ իրավիճակի ՄՀՀ-ն բերելու համար, Կ.Գրիգորյանը նշեց, որ դիմել են ներկայիս վարչապետին, բայց դեռ պատասխան չեն ստացել: Բայց եթե իրենց գործողությունները հաջողությամբ չպսակվեն Հայաստանի համապատասխան ատյաններում, ապա իրենք պատրաստ են դիմել նաև միջազգային դատարան:
«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների»,- ասաց նա ու ավելացրեց, որ չի կարող ասել, թե ով աչք ունի Մարզահամերգային համալիրի վրա, բայց` «դա դժվար չէ կռահել»: Հիշեցնենք, որ որ ՄՀՀ-ի պարտքը ներկայումս կազմում է 10 մլրդ 200 մլն դրամ:
Ասուլիսին ներկա Մարզահամերգային համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը նշեց, որ երեկ տեղի ունեցածը օրենքի խախտում է:
«Վտարման որոշում չի եղել, իսկ ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության: Տեսագրելու և հրապարակելու գործողությունների մեջ առկա են խախտումներ և այս իմ հայտարարությունը պատկան մարմինները պետք է դիտեն որպես հայտարարություն հանցագործության մասին, թեև ես արդեն դիմել եմ»,- մատնանշեց փաստաբանը:
Նշենք, որ ՄՀՀ-ի հերթական 6-րդ աճուրդը մեկնարկում է վաղը, բայց սա էլ բանախոսը որակեց որպես ապօրինություն: