Բավ է պառակտվել
28-07-2014 12:22

Սաակաշվիլիին մեղադրանքներ է ներկայացվել

Վրաստանի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ենթադրվում է, որ դա կապված է Թբիլիսի ժամանած դատախազների այցի հետ:

Ենթադրություններն այն մասին, որ հայտնի դատախազների ժամանումը Վրաստան կապ ունի Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվելիք մեղադրանքի հետ, հաստատվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարցազրույցում, երբ նա նշել է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, իսկ հրավիրված դատախազները կօգնեն քննել ամենազգայուն գործերը:

Այդպես է Ղարիբաշվիլին արձագանքել վրացական դատախազության՝ առանձնակի կարևոր գործերի հարցով երեք նոր խորհրդականների մասին հարցին:

Խոսքը Իսրայելի նախկին գլխավոր դատախազ Մոշե Լադորի մասին է, որը կարողացել է մեղադրական վճիռների հասնել երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի և նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի գործերով:

Վրաստանի դատախազությունն առաջիկայում կարող է նախկին նախագահ Սաակաշվիլիին միաժամանակ մի քանի մեղադրանք առաջադրել, որոնցում նա այժմ որպես վկա է ներգրավված: Խոսքը բյուջեի միջոցների յուրացումների, պետական ունեցվածքի վաճառքի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մասին է:

Նախկին նախագահը կարող է մեղադրյալ դառնալ նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները կեղծելու և կազմակերպված սպանությունների համար: